Երգչուհի Բեյոնս Նոուլզը  կողմնակի լուսանկարիչներին արգելել է նկարահանել իր նոր «Mrs. Carter» համաշխարհային շրջագայությունը: Փոխարենը, մամուլին առաջարկվում է օգտվել երգչուհու պաշտոնական լուսանկարչի գործերից: Այս մասին է հաղորդում The Guardian թերթը, ներկայացնելով համերգասրահների հետ երգչուհու կնքած պայմանագրերից հատվածներ:
 
Հրատարակությունն ենթադրում է, որ երգչուհու այդ որոշումը կարող է կապված լինել մամուլում իր չհաջողված լուսանկարների ի հայտ գալու հետ: Հիշեցնենք, որ փետրվարին Բեյոնսի ներկայացուցիչները դիմել են  BuzzFeed կայքի խմբագրություն, որը հրապարակել էր Super Bowl-ի երգչուհու ելույթի մի քանի լուսանկարներ: Հրատարակությունից պահանջվել է հեռացնել չհաջողված  լուսանկարները: Երգչուհուն հատկապես դուր չեն եկել թիվ 5, 6, 10, 11, 12, 19 եւ 22 լուսանկարները:
 
Ի պատասխան BuzzFeed-ը ոչ միայն թողել է լուսանկարները կայքում, այլև դրանց համար ստեղծել է առանձին պատկերասրահ «Բեյոնսի  «Չհաջողված» լուսանկարները, որոնք նրա մամլո քարտուղարը խնդրել է ցույց չտալ» անվամբ:
 
The Guardian-ը ներկայացնում է բլոգերների կարծիքները, ովքեր կարծում են, որ կողմնակի լուսանկարների նոր արգելքը կբերի նրան, որ լրագրողները պաշտոնական ֆոտոշարքերի փոխարեն կսկսեն օգտվել հանդիսատեսերի նկարահանումներից:

2013 թվականին Բեյոնսի հետ տեղի է ունեցել ևս մեկ սկանդալ, երբ երգչուհին մեղադրվում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը ֆոնոգրամայի տակ երգելու մեջ: Հետագայում Բեյոնսը անց է կացրել մամլո ասուլիս, որում խոստովանել է մամուլի մեղադրանքները և բացատրել, որ ելույթը փորձ անելու ժամանակ չի ունեցել:

«Mrs. Carter» («Տիկին Կարտեր») համերգաշրջանը կդառնա Բեյոնսի չորրորդ համաշխարհային շրջագայությունը: Շրջագայության անվանումը կապված է ռեպ երգիչ Jay-Z  (իսկական անունը` Շոն Կարտեր) հետ երգչուհու ամուսնության հանգամանքի հետ: Շրջագայությունը սկսվել է Բելգրադում ապրիլին, իսկ կավարտվի երեք համերգներով Նյու Յորքի «Բարքլայս-կենտրոն»  մարզադաշտում: Երգչուհու կողմից մամուլին ներկայացված պաշտոնական լուսանկարները բաղկացած են հիմնականում շրջագայության առաջին եվրոպական համերգների լուսանկարներից: